2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԼԻՆԵԼ»

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԼԻՆԵԼ»
25.01.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ
-Ձեր կարծիքով` 2011 թվականին Հայաստանի քաղաքական դաշտում, նկատի ունենալով, որ տարին նախընտրական է, ի՞նչ վերադասավորումներ են հնարավոր, արդյոք ի հայտ կգա՞ միֆական երրորդ ուժը, որի մասին չեն դադարում խոսելուց:
-Երրորդ ուժը դրսի՞ց պետք է ներմուծվի:
-Կարծում եմ` ոչ:
-Իսկ Հայաստանում ինչքա՞ն ազատ քաղաքական ռեսուրս կա, որ կարելի է համախմբել ու ստեղծել այնպիսի մի երրորդ ուժ, որը լինի ազդեցիկ: Եթե կա, ցույց տվեք` ո՞րն է ու որտե՞ղ է:
-Ազատ ընտրազանգված չկա միանշանակ:
-Այո, միմյանցից ընտրազանգված տանելու խնդիր կա, որը կլուծվի-չի լուծվի, Աստված գիտի: Իսկ կա՞ քաղաքական գործիչների այն խումբը, և այն լիդերները կա՞ն, ուզենք-չուզենք, քաղաքական ուժը ենթադրում է լիդերի առկայություն, որոնք կարող են ստեղծել նոր ուժ, որը էական ազդեցություն ունենա: Մեր երկրի Սահմանադրությունը, օրենքները նոր կուսակցության ստեղծման հնարավորություն տալիս են, բայց հասարակական-քաղաքական գործընթացների, ընտրությունների վրա էական ազդեցություն ունեցող ուժի ստեղծումը հավանական չեմ համարում: Վերադասավորումնե՞ր` այո, ինչքան շուտ ու շատ, այնքան լավ: ՈՒնենք 75-ից ավելի քաղաքական կուսակցություն, բայց հաստատ գաղափարախոսության 75 տարատեսակ չունենք, ուրեմն մեկ գաղափարախոսություն կրող բազմաթիվ կուսակցություն կա, որոնք տարբեր անուններով են հանդես գալիս: Եթե որոշեն միավորվել, քաղաքական դաշտն ավելի հստակ կդառնա, ընտրողի համար` առավել հասկանալի ու տրամաբանական:
-Մի քանի տարի առաջ էլ երրորդ ուժի մասին խոսակցություններ կային, այս հարցուպատասխանն էլ կար, բայց առաջացավ, չէ՞, ԲՀԿ-ն, գործնականում ոչ մի տեղից, եթե ընտրազանգվածի կտրվածքով նայենք, և հազիվ թե նոր գաղափարներով, թող ինձ կախեն կամ ներեն ԲՀԿ-ականները, բայց նախկինում չասված ու չլսված որևէ դրույթ նրանց ծրագրերում չկա: Չե՞ք կարծում, որ նույնը կարող է կրկնվել` թեկուզ վերադասավորում անվան տակ:
-Այդ առումով, իհարկե, Դուք ճիշտ եք, բայց եթե լավ հիշեք 5 տարի առաջվա իրավիճակը, երբ ստեղծվեց ԲՀԿ-ն, այսօրվա հետ նմանություն չեք գտնի: ԲՀԿ-ի ստեղծման համար կար պահանջարկ: Պահանջարկը լինում է տարբեր հարթություններում: Կային նաև ռեսուրսներ` հրապարակային ու ոչ հրապարակային, որոնց միավորման հետևանքը եղավ ԲՀԿ-ն:
-Կարծում եմ` չեք ժխտի նաև, որ քաղաքական դաշտը մշտապես նոր գաղափարների, նոր անհատների, նոր լուծումների անհրաժեշտություն ունի, և դա միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է այդպես:
-Դա այդպես է ու այդպես էլ կլինի միշտ: Ոչ մի քաղաքական ուժ հավերժ չէ: Նորանկախ Հայաստանի քաղաքական պատմությունն էլ դա է վկայում, դա բնական ու շարունակական գործընթաց է: Հայաստանը չի կարող աշխարհի զարգացման ընդհանուր քաղաքական տրամաբանությունից դուրս լինել:
-2011-ը Հայաստանի արտաքին քաղաքական դաշտում ակտիվ սկիզբ ունի. նախագահի այցերը Կիպրոս ու Հունաստան ի՞նչ նորություններ են բերում, իրապե՞ս բազմավեկտոր է դառնում մեր արտաքին քաղաքականությունը, թե՞ մի դրվագ էր սա:
-Աշխարհում քաղաքական գործընթացները շատ ավելի դինամիկ են զարգանում, քան մենք պատկերացնում ենք: Բնական է, որ ՀՀ նախագահն ուզում է լինել այդ դինամիկայի մեջ և մասնակցել համաշխարհային անվտանգության ձևավորման մեխանիզմին, ոչ թե սպառողի դիրքում ակնկալել Հայաստանի ազգային անվտանգության պաշտպանվածություն: Հայաստանն ինքը պետք է իր խնդիրները լուծի և մասնակցի համաշխարհային անվտանգության կառուցման գործընթացներին: Կիպրոս և Հունաստան այցերը ես դիտարկում եմ այդ տեսակետից: Երկու պետությունների հետ էլ ունեինք ջերմ հարաբերություններ, բայց այդ ջերմ հարաբերությունների հուզական-արարողակարգային որակը հնարավոր էր կազմակերպված, փոխվստահելի, փոխօգտակար ու կանխատեսելի մակարդակի բարձրացնել, ինչը և արվեց: Կարևոր էր, որ արձանագրվեց արտաքին քաղաքականությունների կանխատեսելիությունն ու համագործակցվածությունը: Աննախադեպ էր այն, ինչ ամրագրվեց կիպրոսյան հռչակագրում. երկու պետություններն արտաքին քաղաքականության մեջ պարտավորություն վերցրին միմյանց ազգային շահերին վերաբերող հարցերում լինել կանխատեսելի և կոնկրետ ոլորտներում կոնկրետ վարքագիծ դրսևորել: Հունաստանի ու Կիպրոսի հետ մեր բարի-դրացիական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և պետք էր արտաքին քաղաքական վեկտորների ընդհանրությունները օգտագործել: Ե՛վ Կիպրոս, և՛ Հունաստան այցերը, կարծում եմ, հետագա հարաբերությունների առումով, կարևոր նշանակություն ունեն: Ե՛վ Կիպրոսում, և՛ Հունաստանում շատ բնորոշ ու դիպուկ գնահատականներ տրվեցին նաև հարևան պետության պատմությանն ու այսօրվան, ձևավորված մթնոլորտում Թուրքիան երևում է ամբողջ էությամբ: Հայաստանը ձեռնարկեց Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման աննախադեպ քայլ, որը տարաբնույթ գնահատականների արժանացավ, և մեկ նպատակ էր հետապնդում` ազգային անվտանգության ապահովումը: Արդյունքը հայտնի է բոլորին: Շատ բնական է, որ իր ազգային անվտանգության ու ազգային խնդիրների լուծման համար Հայաստանն օգտագործում է բոլոր ռեսուրսները: Այս երկու այցերը դրա վկայությունն են: Եվս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ ինչքան էլ Թուրքիան հայտարարում է «0 պրոբլեմներ հարևանների հետ» քաղաքականությունը, իրականում շատ տարբեր են ասվածն ու արվածը, Թուրքիան եղել ու շարունակում է մնալ պրոբլեմատիկ երկիր իր բոլոր հարևանների համար. նույնիսկ ռազմավարական գործընկերների հետ է պրոբլեմներ ստեղծում: Բնական է` ռազմական մեծ ներուժ ունենալով, հարևաններին հարկադրում է մտածել պաշտպանվածության մասին և ռազմական բյուջեին մեծ գումարներ հատկացնել, ես լիովին հավատում եմ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի անկեղծությանը:
-Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերություններում կլինե՞ն փոփոխություններ:
-Կարծում եմ` ոչ, որովհետև վստահ եմ, որ նախընտրական գործընթացները չեն թուրքական իշխանություններին հետ պահել հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց: Փորձագետները կարծում են, որ նախընտրական շրջանում որևէ իշխանություն ռիսկի չի գնում ու կտրուկ քայլեր չի անում` ընտրողների ձայները չկորցնելու համար, բայց սա այդ դեպքը չէ: Թուրքական իշխանություններն ունեն այն ռեսուրսը, որն օգտագործելով կարող են հարցը լուծել, բայց չեն ցանկանում, որովհետև փորձում են քարոզչական հնարքներով շփոթի մեջ գցել միջազգային հանրությանը, հարցի լուծումը ծառայեցնել միայն ու միայն իրենց և Ադրբեջանի ազգային շահերին, որը միանշանակ անընդունելի է Հայաստանի ու աշխարհի համար:
-Ի՞նչ տնտեսական փոփոխություններ է բերելու նախընտրական տարին Հայաստանում: Շարունակելո՞ւ ենք ապրել բարձրացող գների հետ:
-Ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո աշխարհն ապրում է բոլորովին այլ կանոններով, տեսաք, թե ինչ ցնցումների միջով անցավ ԱՄՆ-ը, ինչ ցնցումներ եղան ու շարունակվում են Եվրոպայում` հիմքում ունենալով սոցիալական խնդիրներ: Եթե հարուստ Եվրոպան հետճգնաժամային սինդրոմն այդքան դժվարությամբ է հաղթահարում, Հայաստանում ևս լինելու են նման խնդիրներ: Փոքր տնտեսություն է, շատ ավելի խոցելի, դիվերսիֆիկացումը շատ դժվար է` նկատի ունենալով շրջափակվածությունը: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազում գործոններ կան, որոնք համաշխարհային տնտեսության փոքր-ինչ տատանումը մեզ համար վտանգավոր են դարձնում: Նախընտրական տարում միշտ էլ կգտնվեն մարդիկ, որ օբյեկտիվ դժվարությունները կմատուցեն սուբյեկտիվ գնահատականի ձևով` փորձելով դժգոհություններ առաջացնել իշխանությունների նկատմամբ: Սոցիալ պոպուլիզմի համար լայն դաշտ է բացվում:
-Արդյոք այդ լայն դաշտն օբյեկտիվորե՞ն չի բացվում:
-Օբյեկտիվ գործոններ կան: Միջազգային կազմակերպությունների մակարդակով արձանագրված խնդիր է` կանխել ներքաղաքական իրավիճակներում համաշխարհային տնտեսական ճգնաժամի օգտագործումը կառավարությունների դեմ պայքարում, պետք է օգնել կառավարություններին այդ վիճակից դուրս գալու համար, հակառակ պարագայում համաշխարհային տնտեսությունը շատ ավելի մեծ պրոբլեմների մեջ կխրվի: Առանձին վերցրած որևէ երկրում հանրությանը կարճ ժամանակի մեջ գոհացնելու խնդրի լուծումը բերում է ճգնաժամի խորացման:
-Սոցիալ պոպուլիզմ կոչվի, թե ոչ, գների բարձրացումը չեք կարող ժխտել, գազի սպասվող թանկացումն օբյեկտիվորեն չեք կարող ժխտել, ինչպե՞ս ենք ապրելու:
-Համաշխարհային շուկայում շատ ապրանքատեսակների գները մեզնից չեն կախված, մենք պետք է դա հասկանանք, միևնույն ժամանակ բոլորս և, առաջին հերթին, կառավարությունը պիտի ամեն ինչ անենք, որ ոչ օբյեկտիվ գործոններին չգումարվեն սուբյեկտիվ գործոններ. սա է ամենակարևոր խնդիրներից մեկը:
-ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպումներ ունեցավ նաև խորհրդարանում, ի՞նչ հարցեր էին քննարկվում:
-Այն սպասումները, որ կային քաղաքական դաշտում, և այն գնահատականները, որ տրվում էին, ինձ զարմացնում էին: Անկեղծ ասեմ` տհաճորեն: Անկախ պետություն ենք, բայց մեր շատ կարևոր խնդիրները կապում ենք Եվրոպայից եկած հանձնակատարների ու զեկուցողների հետ` մոռանալով, որ նրանք ունեն այլ խնդիրներ, այլ լիազորություններ և ոչ իշխանության, ոչ ընդդիմության փաստաբանը չեն: Երբ նրանց տված գնահատականները չեն համընկնում սպասումների հետ, խոր հիասթափությունների մեջ են ընկնում: Ես հասկանում եմ նաև եկողների վիճակը, դժվար է, երբ քեզնից սպասում են, որ թուրդ հանելու ես ու մի հարվածով բոլոր հանգույցները քակես: Պատահական չէ, որ անընդհատ կրկնում են` ձեր խնդիրները դուք պիտի լուծեք, բոլոր հարցերը պատրաստի դեղատոմսեր ու լուծման բանալիներ չունեն... Թոմաս Համարբերգի հետ սա իմ երրորդ հանդիպումն էր, որն անցավ ջերմ ու գործնական, աշխատանքային մթնոլորտում: Նա եվրոպացի այն չինովնիկներից է, որ միշտ առավել օբյեկտիվ է իր գնահատականներում. ի վերջո, համազեկուցող խորհրդարանականները քաղաքական գործիչներ են և ազատ են իրենց քաղաքական համակրանքներ-հակակրանքների մեջ: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն այլ պաշտոն է, պարոն Համարբերգն էլ մեծ հեղինակություն է վայելում իր հավասարակշռված պահվածքով:
-Երևանի քաղաքապետի փոփոխությունը բերեց իր անխուսափելի փոփոխությունները, և այդ շրջագծում հայտնվեցին փողոցային առևտրով զբաղվող մարդիկ: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նույն ճանապարհն անցել են նախորդ բոլոր քաղաքապետերը, բայց 1-2 ամսից ազատ առևտուրը վերականգնել է իր նախկին դիրքերն ու իրավունքները: Հիմա՞ էլ է նույնը կատարվում:
-Քաղաքային իշխանությունների պարտականությունն է քաղաքում նորմալ կարգուկանոն հաստատելը, նաև փողոցային առևտրի կարգավորումը: Բոլորը դժգոհում են փողոցային առևտրից, բայց երբ քաղաքացին փողոցում առևտուր է անում, ապա լավ օրից չի փողոցում հայտնվել: Նախորդ քաղաքապետերի համանման փորձերի պատմությունը վկայում է, որ այդ երևույթն արգելող պայքարի մեթոդները արդյունավետ չեն: Փողոցային առևտուրը կա, որովհետև կա պահանջարկը: Շատ ավելի արդյունավետ կլինեին փոքր համայնքներում մինի շուկաների տարածքի տրամադրումը և ստեղծումը, որպեսզի խառնիճաղանջ առևտուրը քաղաքակիրթ տեսքի բերվեր: Խոշոր շուկաներն այլևս մոբիլ ու նպաստավոր չեն. հազիվ թե որևէ մեկը 9-րդ զանգվածից ամեն օր գա 1-ին զանգված առևտրի: Այնուհանդերձ, միանշանակ ողջունելի են քաղաքապետի գործողությունները քաղաքի հատկապես կենտրոնական հատվածը փողոցային առևտրից ազատելու հարցում:
-Իսկ գուցե նա շտապե՞ց: Ես էլ եմ կարծում, որ նրա գործողությունները միանշանակ ճիշտ են` քաղաքը պետք է քաղաքին վայել տեսք ունենա: Բայց չպետք է մոռանալ քաղաքացիների մասին ու նախ պետք էր նրանց համար աշխատանքային նորմալ, քաղաքակիրթ, ձեռնտու պայմաններ ստեղծել, այնպես, որ նրանք իրենք գերադասեին անցորդների ոտքի տակից դուրս գալ, արևից ու ցրտից պաշտպանված, մարդավայել աշխատել, գնորդն էլ վստահ լիներ, որ մաքուր ու անվտանգ է իր գնումը: Մենք միշտ ապարդյուն պայքարում ենք հետևանքի դեմ` պատճառը վերացնելու փոխարեն:
-Քաղաքապետի լիազորությունների մեջ չէ աշխատատեղերի ստեղծումը: Որպես ամենախոշոր համայնքի ղեկավար` քաղաքապետարանը, իհարկե, ունի աշխատատեղերի ստեղծման որոշակի պարտականություններ, բայց քաղաքը պատշաճ տեսքի բերելն առաջնահերթ ու ամենօրյա խնդիր է: Փողոցային առևտրի պահանջարկը կա, առաջարկը պետք է ավելի քաղաքակիրթ դարձնել: Ես վստահ եմ, որ այդ ուղղությամբ քայլեր կկատարվեն:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ